ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԻՍԿՈՒՐՍԻ ԼԵԳԻՏԻՄԱՑՄԱՆ ՎՏԱՆԳԸ

...

Բաղադրություն

  • Պիտակների օգտագործում
  • Հակագիտական պնդումներ
  • Երկակի, ոչ միանշանակ հասկացվող արտահայտություններ
  • Կոնֆլիկտի տարածման սպառնալիքի ստեղծում

 

ԴԵՏԵԿՏՈՐԸ արձանագրել է, որ ԼԳԲՏ համայնքին առնչվող թեման  Հայաստանում պարբերաբար հայտնվում է ուշադրության կենտրոնում, ինչը երբեմն պայմանավորված է լինում օբյեկտիվ առիթներով, իսկ որոշ դեպքերում այն պարզապես  շրջանառվում է քաղաքական դիվիդենտներ հավաքելու նպատակով: ԼԳԲՏ հարցի քննարկումը չշրջանցեց նաև ԱԺ-ում վարչապետի ընտրությունները, և 2018 թ-ի  հոկտեմբերի 24-ին ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հարցադրում արեց Նիկոլ Փաշինյանին: Վերջինիս ելույթի  գլխավոր պնդումն այն էր, որ ԼԳԲՏ համայնքը վտանգ է ներկայացնում   մեր պետականության համար, և անհրաժեշտ է վերջ տալ այդ «ազգակործան, պետականակործան գործընթացին»:

Իր խոսքում Գևորգ Պետրոսյանը նշեց. «Ուզում եմ ձեր և մեր ուշադրությունը հրավիրել մեկ հարցի վրա. մենք այսօր ունենք մի մեծ սպառնալիք՝ ազգային անվտանգությանը, որի մասին այսօր ցանկալի կլինի հիշատակել: Լուրեր են շրջանառվում, որ նոյեմբերի 15-18-ը Երևան քաղաքում անց է կացվելու համասեռամոլության սիրահարների, նրանց ջատագովների միջոցառում, համաժողով, որին պետք է հաջորդի ինչ-որ քայլարշավ և այլն: Այո՛, դուք ճիշտ եք, մեր պետականության և ազգային անվտանգության համար սպառնալիք է հանդիսանում տնտեսական մենաշնորհը, սպառնալիք է քաղաքական մենաշնորհը, այո՛, շատ ճիշտ եք, մենք չունենք անվտանգ սահմաններ, բայց իմ խորին համոզմամբ, մեզ համար ամենամեծ սպառնալիքը մեր ավանդական ընտանիքի հավանական խոյահարումն է: (…) Կա մի հեղափոխություն, հարգելի՛ պարոն Փաշինյան, որը անձամբ ես դրանում վտանգ եմ տեսնում, կա մի հեղափոխություն, որը ես երբեք չեմ ցանկանա, որ Հայաստանում արձանագրվի, դա հեղափոխությունն է մեր ավանդական ընտանիքների ավանդական բարքերում: Նորից եմ խնդրում, հորդորում, որ մենք՝ բոլորս, համատեղենք մեր ուժերը և իրականացնենք մեզանից կախված ամեն ինչ, օրինական և թույլատրելի հնարավորը՝ մեր ընտանիքներն այդ ազգակործան, պետականակործան գործընթացից ապահովագրելու ուղղությամբ»:

Գևորգ Պետրոսյանը և նրա հետ նույն ճամբարում հայտնված գործիչները շարունակ խոսում են «հայկական ավանդական ընտանիքի», երեխաների շրջանում  «ԼԳԲՏ քարոզչության», ազգի և պետության կործանման թեմաների մասին: ԴԵՏԵԿՏՈՐԸ կարծում է, որ վերոնշյալ թեմաների շրջանառմամբ էմոցիոնալ ֆոնի ստեղծումը  հաջողությամբ մանիպուլացնում է հասարակությանը,  մարդկանց մեջ վախ է արթնացնում ապագայի հանդեպ և դրդում լուծել արհեստականորեն բարձրացվող խնդիրը՝  այստեղ և հիմա:

Փաշինյանին ուղղվածHYPERLINK "https://www.youtube.com/watch?v=gseO6jnptYM" HYPERLINK "https://www.youtube.com/watch?v=gseO6jnptYM"հարցի մեջ Գևորգ Պետրոսյանն օգտագործել է հետևյալ պիտակները. «համասեռամոլության սիրահարներ», «համասեռամոլներ», «համասեռամոլության ջատագովներ»: Հարց  է առաջանում. ի՞նչ իրավունքով են ժողովրդավարական երկրում իրենց սահմանադրական իրավունքներն իրացնել   ցանկացող քաղաքացիները պիտակավորվում որպես «համասեռամոլության ջատագովներ և սիրահարներ»,  և ի՞նչ իրավունքով է կոչ արվում՝ խոչընդոտել նրանց կողմից հավաք կազմակերպելուն:  Հիշեցնենք, որ  համաձայն ՀՀ Սահմանադրության,  հավաքներին մասնակցելու իրավունք ունի յուրաքանչյուր ոք (Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք), և ոչ ոք իրավունք չունի խոչընդոտել մարդկանց մասնակցությունը որևէ հավաքի, եթե այն կրում է խաղաղ բնույթ, և եթե հակասահամանդրական կոչեր չեն արվում դրա ժամանակ։

Գևորգ Պետրոսյանի հարցադրմանը հետևեց ՆիկոլHYPERLINK "https://www.youtube.com/watch?v=JAMVEC2EuVo" HYPERLINK "https://www.youtube.com/watch?v=JAMVEC2EuVo"ՓաշինյանիHYPERLINK "https://www.youtube.com/watch?v=JAMVEC2EuVo" HYPERLINK "https://www.youtube.com/watch?v=JAMVEC2EuVo"պատասխանը, որը տարընթերցումների տեղիք տվեց:   

Նա պատմեց, որ վերջերս եղել է Փարիզում, որտեղ իրեն սուրճ է մատուցել մի հայ երիտասարդ, և երբ ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, հարցրել է, թե արդյոք երիտասարդը  չի ցանկանում վերադառնալ հայրենիք, չէ՞ որ հեղափոխություն է տեղի ունեցել, երիտասարդը պատասխանել է, որ հազիվ է փախել  Հայաստանից և հիմա ապրում է իր զուգընկերոջ հետ: Ապա ավելացրեց. «Հայաստանի մարզկենտրոններից մեկից էր (նկատի ունի՝ երիտասարդը), չեմ ասում քաղաքի անունը, որ այդտեղի ժողովուրդը չնեղանա, ասի՝ մեզ հատուկ բան արեց»:  Այնուհետև  Նիկոլ Փաշինյանը ձևակերպում է խնդիրը. «Մենք ընդունու՞մ ենք, որ կան այդ մարդիկ, և եթե ընդունում ենք, ապա ի՞նչ ենք անում, եթե կան այդ մարդիկ, մենք ի՞նչ ենք անում այդ մարդկանց հետ»:   «Մենք» ասելով՝  ո՞ւմ  նկատի ունի Փաշինյանը. ՀՀ քաղաքացիների՞ն, մեծամասնությա՞նը, ավանդական սեռական կողմնորոշում ունեցողների՞ն, թե՞ կառավարությանը: Տարբերակներից ամենախնդրահարույցը, թերևս, այն է, որ  Փաշինյանը, «մենք»  ասելով, նկատի ունի ավանդական սեռական կողմնորոշում ունեցողներին, այսինքն՝ պատրաստվում է նրանց հետ որոշել, թե ինչպես վարվել մեկ այլ խմբի, տվյալ դեպքում՝ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների  հետ: Իսկ եթե «մենք» ասելով նկատի ունի բոլոր քաղաքացիներին, ապա դրանց մեջ մտնում են նաև ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները, և ստացվում է, որ նրանք էլ դեռ պետք է  ընդունեն սեփական գոյության փաստը և մտածեն՝  ինչ պետք է անեն. վտարե՞ն իրենք իրենց, թե՞ սահմանափակեն իրավունքների ճանաչմանն ու պաշտպանությանը միտված՝ սեփական հրապարակային գործունեությունը:

 Նիկոլ Փաշինյանի հարցադրումը տեղին չէ, քանի որ լեգիտիմ հնարավորություն է տալիս քաղաքացիների մի խմբին մտածել, որ իրենք իրավունք ունեն որոշել՝ իրենց խմբի վարքից տարբերվող՝ այլ աշխարհայացք ու կենսակերպ ունեցող ՀՀ քաղաքացիների ճակատագիրը: Մինչդեռ ՀՀ Սահմանադրության մեջ նշված է, որ բոլոր մարդիկ հավասար են օրենքի առաջ և առանց խտրականության հավասարապես պաշտպանվում են օրենքով, ինչպես նաև ամրագրված է, որ խտրականությունը՝ կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:

Նիկոլ  Փաշինյանը շարունակում է իր միտքը. «Եկեք որոշենք՝ մենք քրեական օրենսգրքում հոդվա՞ծ ենք ավելացնում, եկեք որոշենք՝ մենք այդ մարդկանց բոլորին հավաքում, Հայաստանից դու՞րս ենք անում, եկեք որոշենք՝ մենք այդ մարդկանց գոյությունը որպես այդպիսին, ընդունու՞մ ենք, թե՞ ասում ենք, գիտե՞ս ինչ, քարոզչություն մի արեք ձեր համայնքը ընդլայնելու, ուրիշներին ներգրավելու… չգիտեմ, չգիտեմ»: Խնդրահարույց է, որ ժողովրդավարությունը որպես կարևորագույն  արժեք ներկայացնող վարչապետը կարող է նման ընտրություն առաջարկել ՀՀ քաղաքացիներին, իսկ եթե օրինակները բերվում էին որպես  խոսքն ավելի ազդեցիկ դարձնելու արտահայտչամիջոց՝ տողատակում հասկացնելով, որ նման բան անթույլատրելի է, ապա հարց է առաջանում՝ որքանով է ճիշտ հասկացվել հաղորդագրությունը մարդկաց կողմից, և արդյոք մարդկանց մի ստվար զանգված չի ենթադրել, որ իրավունք ունի և  կարող է որոշել օրինակ՝ վտարել ԼԲԳՏ համայնքի ներկայացուցիչներին: Իսկ ինչ վերաբերում է քարոզչությանը, ապա նույն ինքը՝ Նիկոլ Փաշինյանն է իր ելույթում ասում, որ բնության մեջ կա նույնասեռականների հստակ տոկոս, որը փոփոխության չի ենթարկվում: Հետևաբար՝ անհասկանալի է դառնում, թե ԼԳԲՏ քարոզչություն ասվածն ի՞նչ է: Ընդհանրապես, տարբեր խմբերի իրավունքների ճանաչմանն ու պաշտպանությանն ուղղված հրապարակային գործունեությունը պետական մակարդակով որպես նեգատիվ բնույթի քարոչություն դիտարկելը,  բնորոշ է ավտորիտար ռեժիմներին և հակասում է դեմոկրատական պետության հռչակած արժեքներին:

 Փաստորեն, Նիկոլ Փաշինյանն իր ելույթում անընդհատ երկիմաստ  հայտարարություններ է անում, հավանաբար, իր պոպուլյարությունը չնվազեցնելու և ԼԳԲՏ թեմայի շուրջ հասարակության մեջ առկա հնարավոր կոնֆլիկտը չխորացնելու նպատակով: Մինչդեռ, իշխանությունները պարտավոր են ոչ միայն պաշտպանել քաղաքացիների սահմանադրական իրավունքները և թույլ չտալ մարդու հիմնարար իրավունքների ոտնահարում, այլև՝  պարտավոր են  դատապարտել մարդու  իրավունքները ոտնահարելու միտում ունեցող յուրաքանչյուր հրապարակային խոսք: 

Հաղորդակցությունների տեսություններում նշվում է, որ կարևոր է ոչ միայն այն, թե ինչ ես ասում, այլ նաև՝ թե ինչպես ես ասում և, ի վերջո, ուղարկածդ հաղորդագրությունը  արդյո՞ք ընկալվում է նույն իմաստով, որով ասված է եղել: Ակնհայտորեն Նիկոլ Փաշինյանի ելույթը խնդրահարույց է, քանի որ տարընթերցման   առիթներ է տալիս:

Իհարկե, փաստերը բավարար չեն պնդելու համար, որ միտումնավոր բազմիմաստ հայտարարություններ են արվել՝ նպատակ ունենալով մանիպուլացնել մարդկանց, շատ հավանական է, որ նաեւ խնդրի ոչ խորքային իմացությունն է նման ելույթների և հարցադրումների պատճառ դարձել: Այդուհանդերձ, ԴԵՏԵԿՏՈՐԸ եզրակացնում է, որ Պետրոսյան-Փաշինյան հիշյալ երկխոսության նման քննարկումները  կարող են նպաստել հակասահմանադրական դիսկուրսի լեգիտիմացմանը:

 

Հեղինակ՝ Զարուհի  Սիմոնյան

18-11-2018